Կոմիտաս՝ հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր
«Կոմիտասն ինքը հայ ժողովուրդն է: Մեղվի պես նա տուն էր բերում մեր գեղջուկ երգերի նեկտարն ու անշոշափելի մանանան: Կարո՞ղ է մեղուն թղթե ծաղիկներից մեղր բերել, իհարկե, ոչ: Հայ ժողովրդի բազմադարյան երգերը թղթե վարդեր չէին, այլ իրական, և Կոմիտասը իր հանճարով ոսկե մեղվի նման հանդիպեց նրանց: Իր հանճարեղ ոգու հնոցում ձուլեց հայ մեղեդու նախանյութը, հանքանյութը և դուրս բերեց այնպիսի քնքշություններ, երաժշտական ձևերի և խոսքի այնպիսի հույզ ու թարմություն, որոնք հուզեցին ոչ միայն իրեն` հայ ժողովրդին, այլև համաշխարհային երաժշտական աշխարհում աղոթքի արժանացավ Կոմիտասի անունով հայ ժողովրդի անունը»,-
ասել է Հովհաննես Շիրազը:
«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։
Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։
Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։ 1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։
Եւ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին։ 1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։
«Ուր որ հայ կա, այնտեղ է Կոմիտասի երգը: Կոմիտասը համազգային մեծություն է: Նրա երգերով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: ...Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ, նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը»,- ասել է Ավետիք Իսահակյանը:


Комментариев нет:
Отправить комментарий